Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Ալյասկայում օգոստոսի 15-ին կայանալիք ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շտաբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել է իրավիճակն առաջնագծում։ Նա նաև ասել է, որ հույս է դնում Միացյալ Նահանգների վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Այսօր ես նաև զեկույց եմ սպասում հետախուզությունից՝ ռուսական կողմի ներկայիս մտադրությունների և Ալյասկայում հանդիպմանը նրանց նախապատրաստական աշխատանքների մասին։ Իսկապես, խաղադրույքները բարձր են», – գրել է Զելենսկին՝ հաստատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նույն միտքը, որը վերջինս հնչեցրել էր Ալյասկա մեկնելուց առաջ։
Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է բացի «իրական ճանապարհ դեպի արդար խաղաղություն և եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և ռուսական կողմի առաջնորդների միջև բովանդակալից քննարկում»։
«Ժամանակն է դադարեցնել պատերազմը, և անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկի Ռուսաստանը։ Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա։ Մենք պատրաստ ենք, ինչպես միշտ, աշխատել հնարավորինս արդյունավետ», – եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
—00—ՄԱ