Վանաձորում 5 կգ քաշով ծնված երեխան առողջական խնդրի պատճառով տեղափոխվել է Երևան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած «հսկան», որը Մոսինյան ընտանիքի ութերորդ զավակն է, առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Երևան։ Երեխայի հայրը՝ Արեն Մոսինյանը, Sputnik Արմենիային հայտնեց, որ փոքրիկն այս պահին «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոցում է։
Մոսինյանների 8-րդ զավակը ծնվել է երեկ` օգոստոսի 14-ին, 5 կգ քաշով և 55 սմ հասակով։
«Երեխան շաքարի հետ կապված խնդիր ունի՝ անընդհատ իջնում է։ Հիմա գլյուկոզա են տալիս, պետք է օրգանիզմը սկսի պայքարել։ Դեռևս ընդգծված դրական տեղաշարժ չունենք։ Միակ դրականն այն է, որ երեկվանից, ինչ տեղափոխել ենք, ավելի չի վատացել, ու բացասական դինամիկա չկա»,– պատմեց Արեն Մոսինյանը։
Երեխայի հայրը նշեց՝ որդին ժամանակին է ծնվել, կինը հղիության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել։
«Ասում են՝ մեծ չափերի հետ կապված նման խնդիր լինում է։ Հույս ունենք՝ երեխան կպայքարի»,– ասաց նա։
Նշենք, որ Մոսինյան ընտանիքի ավագ որդին 17 տարեկան է, 7-րդ որդին շուտով 3 տարեկան կդառնա։
—00—ՄԱ