ՀԱՄԱՍ-ը պատրաստ է աջակցել Գազայի հատվածում ագրեսիան դադարեցնելու բոլոր նախաձեռնություններին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Պաղեստինյան յոթ խմբակցությունները ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ Կահիրեում կայացած հանդիպման ավարտին հաստատել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցելու Գազայի հատվածի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու բոլոր նախաձեռնություններին և առաջարկներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Համատեղ հայտարարության մեջ խմբակցություններն ընդգծել են, որ այս փուլում իրենց գերակա խնդիրն է դադարեցնել Իսրայելի կողմից ցեղասպանությունը, վերացնել շրջափակումը և ապահովել օգնության մուտքը Գազայի հատված:Նրանք իրենց գնահատանքն են հայտնել Եգիպտոսի և Կատարի կողմից Պաղեստինի հարցին աջակցելու, Գազայում պաղեստինցիների սովի տառապանքներին վերջ դնելու և պաղեստինյան միասնության հասնելու ջանքերը առաջ մղելու, ինչպես նաև ագրեսիան դադարեցնելու բանակցություններին մասնակցելու համար:
Խմբակցությունները իրենց լիակատար պատրաստակամությունն են հայտնել՝ աջակցելու հրադադարի նախաձեռնություններին և առաջարկներին, որոնք կբավարարեն պաղեստինցիների պահանջները և կներառեն անկլավում ռազմական գործողությունների դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերումն այնտեղից և շրջափակման վերացում։
Նրանք նշել են, որ Դոհայում բանակցությունների վերջին փուլի ժամանակ կողմերը «գրեթե լուրջ համաձայնության էին հասել», սակայն իսրայելական պատվիրակությունը լքել է Կատարի մայրաքաղաքը՝ այդպիսով խափանելով խորհրդակցությունները:
Ավելի վաղ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Կահիրեում հանդիպել էր Եգիպտոսի գլխավոր հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի հետ և քննարկել Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների առաջխաղացման ուղիները։
—00—ՄԱ