ՀՀ–ում առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 50 հազար դրամով
12/08/2025 12:57
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Հայաստանում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար նախատեսված տուգանքը կրկնապատկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ` օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք 25․000 դրամի կփոխարեն կտուգանվեն 50․000 դրամով։ Ավելին, նույն խախտումը կրկին կատարելը քրեական պատասխանատվության կբերի։
Նշենք, որ իրավախախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական շրջանակը կարգավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքով, մասնավորպես՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշված դրույթի համաձայն՝ «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնհինգապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:»։
–00—ԱՊ