ՀՀ-ն Իրանին է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման պայմանավորվածությունները

11/08/2025 19:17 Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ վաշինգտոնյան հռչակագրում արտացոլված է այն, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում:
Այս առնչությամբ նախարար Միրզոյանը Սեյեդ Աբբաս Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իրանի միջև առաջիկա խորհրդակցությունների և բարձրաստիճան շփումների նախապատրաստման շուրջ:

–00—ՍՊ