Երևանում «Zhongtong» ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդին. մանրամասներ

11/08/2025 18:15 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել այդ 2 ավտոբուսների արանքում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից:  Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել են տարածքը:

 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է, ով երբ փորձել է ավտոբուսում առաջացած ինչ-որ խնդիր լուծել, մյուս ավտոբուսը վրաերթի է ենթրակել նրան: Վրաերթն էլ տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայում:

 

–00—ԱՊ