Թրամփը կարգադրել է Օբամայի և Բուշի դիմանկարները հեռացնել Սպիտակ տան այցելուների աչքից

11/08/2025 16:20 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ԱՄՆ նախկին ղեկավարներ Բարաք Օբամայի, Ջորջ Բուշ Ավագի և Ջորջ Բուշ Կրտսերի դիմանկարները տանել-կախել Սպիտակ տան այն մասում, որը փակ է այցելուների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչլով աղբյուրների:

Ըստ նրանց՝ Վաշինգտոնի վարչակազմի 44-րդ ղեկավար Օբամայի դիմանկարը, որն ավելի վաղ կախված էր Սպիտակ տան մուտքի մոտ, տեղափոխվել է մասնավոր նստավայր տանող շքասանդուղքի վերևի մաս:

Այդ գոտին լիովին փակ է այցելուների համար. այնտեղ մուտքը թույլատրվում է միայն նախագահի ընտանիքի անդամներին, ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցներին և Սպիտակ տան աշխատակազմի սահմանափակ թվով աշխատակիցների:

Աղբյուրը մանրամասնել է, որ Բուշերի դիմանկարները նույնպես տեղափոխվել են նախագահական նստավայրի այդ հատված: CNN-ը նշում է, որ այդ քայլն «ընդգծում է Թրամփի և Օբամայի միջև բազմամյա լարվածությունը», որին ԱՄՆ գործող ղեկավարը վերջերս մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ նրա վարչակազմի կողմից ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ հետախուզական տվյալների հորինման համար:

Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ Բուշերի ընտանիքի հետ Թրամփի հարաբերություններում նույնպես «գոյություն ունեն վաղեմի հակասություններ»։

Ջորջ Բուշ Կրտսերը տիկնոջ հետ հունվարին ներկա է եղել Թրամփի երդմնակալության արարողությանը, սակայն չի մասնակցել հետագա միջոցառումներին։Հեռուստաընկերության աղբյուրները հայտնել են, որ Թրամփն անձամբ է վերահսկում Սպիտակ տան ինտերիերի բոլոր փոփոխությունները, մինչև նվազագույն մանրամասները։

Օբամայի դիմանկարն ավելի վաղ արդեն տեղափոխվել էր նախագահական նստավայրի Մեծ ճեմասրահի մի ծայրից մյուսը. այն փոխարինվել էր Փենսիլվանիայի նահանգի Բատլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի տեսարանը պատկերող նկարով։

Սպիտակ տան արարողակարգի համաձայն՝ վերջին տարիների նախագահների դիմանկարները պետք է կախված լինեն շենքի մուտքի մոտ երևացող տեղերում, որպեսզի դրանք կարողանան տեսնել  պաշտոնական միջոցառումների հյուրերը և զբոսաշրջիկները:

—00—ՄԱ