Բոլորն էլ կողմ են Մինսկի խմբի լուծարմանը,քանի որ մաքրվում է բոլորի պատասխանատվությունը Արցախի հանդեպ

11/08/2025 10:18 Քաղաքական

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Ի՞նչ էր քարոզվում Հայաստանում տեւական ժամանակ: Որ Ադրբեջանը Ռուսաստանի հորդորով է բարձրացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը, որ մնա այսպես ասած 3+3-ը:

Այդ ամբողջ ընթացքում պարբերաբար հարց եմ բարձրացրել՝ որեւէ մեկը փորձե՞լ է հարցնել այդ կապակցությամբ Վաշինգտոնի, Փարիզի դիրքորոշումը, որեւէ մեկը փորձե՞լ է ստույգ պատասխան ստանալ՝ նրանք կո՞ղմ են խմբի լուծարմանը, թե՞ դեմ:

Ինքս արտահայտել եմ կարծիքս, որ բոլորն էլ կողմ են լուծարմանը, քանի որ լուծարել այդ խումբը եւ համանախագահությունը, նշանակում է մաքրել բոլորի պատասխանատվությունն Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի ու էթնիկ զտման, հայաթափման համար: Դիմումը՝ լուծարման, ստորագրվում է Վաշինգտոնում, ոչ թե Մոսկվայում, Սոչիում կամ Սիկտիվկարում:

Մինսկի խմբի գոյությունը մշտապես պահելու է դրա անդամների ու համանախագահների առաջ խմբի առաքելության եւ արդյունքի վերաբերյալ պատասխանատվության հարց դնելու հնարավորությունը:

Լուծարել խումբը, նշանակում է լուծարել պատասխանատվության հարցը:

Ընդ որում, շատ կարեւոր էր, որ դա տեղի ունենար Հայաստանի եւ Ադրբեջանի նախաձեռությամբ, այլ ոչ թե խումբը ինչպես ստեղծվել էր՝ այդպես էլ լուծարվեր, որովհետեւ, այսպես ասած՝ ԵԱՀԿ նախաձեռնությամբ լուծարվելու դեպքում խումբն ինքը պետք է պատասխաներ նվազագույն հարցերի՝ ինչո՞ւ էր ստեղծվել, ինչո՞ւ լուծարվեց, նպատակներին հասե՞լ է, թե՞ ոչ, եթե չի հասել՝ ինչո՞ւ չի հասել, ո՞ւմ պատճառով, եւ այլն, եւ այլն:

Երբ լուծարումը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի դիմումով, բոլոր այդ հարցերը փակվում են՝ իրենք դիմել են, մենք էլ հարգում ենք իրենց դիմումը, չենք ուզում խանգարել իրենց խաղաղությանը եւ գնում ենք լուծարման, առանց ավելորդ հարցերի»։

—00—ՄԱ