Ներողություն խնդրելու Ալեն Սիմոնյանին ուղղված Ռոբերտ Քոչարյանի պահանջը կքննարկվի դատարանում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ՀՀ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի։
Ինչպես հայտնել ենք՝ երկրորդ նախագահը հայցադիմումով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սիմոնյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հայցադիմումի առիթ է դարձել Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ կապված երկրորդ նախագահի ներկայացրած առաջին հայցի հետ։ Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը, իմանալով, որ ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել իր և Նիկոլ Փաշինյանի դեմ, սոցիալական հարթակների իր էջերում գրառումներ էր կատարել այդ մասին՝ նշելով. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել։ Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում։ Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արիիի…»։
Այժմ Ռոբերտ Քոչարյանը դատական կարգով պահանջում է, որ Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները, նաեւ ներողություն խնդրի վիրավորանքի համար։
«Փաստինֆո»-ն հայտնել է, որ այս հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանին։ Վերջինս էլ որոշում է կայացրել այն վարույթ ընդունելու մասին։
Նկատենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունիսի 13-ին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում դեռ չկա, թեեւ նշում չկա նաեւ այն վերադարձնելու մասին։
—00—ՄԱ