Չինաստանը ներկայումս հանդիսանում է ՀՀ-ի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը․ ԶՈՒ ԳՇ պետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Հայ-չինական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: Հատկապես վերջին տարիներին փոխգործակցությունը տարբեր ոլորտներում վերընթաց զարգացում է ապրում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանն այդ երկրի բանակի 98-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
«Ժամանակակից չինական բանակն արդեն 98 տարեկան է, բայց այն ոգեշնչվում է հազարամյա պատմություն ունեցող Չինաստանի ազատության և անկախության պաշտպանների մարտական ոգով ու փառքով։ Դարեր շարունակ չինացի մարտիկը հանդիսանում է արիության և անձնվիրության օրինակ։ Նրա անսահման նվիրվածությունը հայրենիքին և ռազմական արհեստավարժությունը սկիզբ են դրել այն ստեղծագործական ուժի ծագմանը, որն օգնել է չին ժողովրդին դիմակայել ամենածանր պայմաններին»,- ասաց Ասրյանը։
Նրա բնորոշմամբ՝ Չինաստանը ներկայումս հանդիսանում է Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, և բարեկամական երկկողմ համագործակցության կապերի հետագա զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է։
«Հայաստան-Չինաստան հարաբերությունները հիմնված են ավանդական փոխադարձ հարգանքի, քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և փոխադարձ համաձայնության ու փոխըմբռնման վրա, կրում են բազմակողմ բնույթ՝ ընդգրկելով հասարակական, քաղաքական, տնտեսական մշակութային և այլ բնագավառներ։ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՉԺՀ նախագահի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծում, որին համահունչ է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը՝ պաշտպանել խաղաղությունը ողջ աշխարհում»,- ասաց Ասրյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ