Սիսիանի նախկին ղեկավարը 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմներից մեկին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցանքը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Հողային օրենսգրքով սահմանված արգելքը, 2021 թվականի սեպտեմբերին ավագանու հաստատմանն է ներկայացրել, և համաձայնություն ստանալով` համայնքի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման շուրջ 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմներից մեկին:
Արոտավայրն օտարվել է 661 հազար դրամով, չնայած, որ դրա շուկայական արժեքը շուրջ 16 միլիոն դրամ էր:
Ապօրինության հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
—00—ՄԱ