Պաղեստինը համաձայնել է միջազգային ուժերի տեղակայմանը Գազայում

28/07/2025 23:04 Միջազգային

Պաղեստինի ազգային վարչակազմը դեմ չէ Գազայի հատվածում տարածաշրջանային և միջազգային ուժերի տեղակայմանը՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու և այնտեղ անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մոհամմեդ Մուստաֆան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջազգային համաժողովում՝ նվիրված պաղեստինյան հարցի կարգավորմանը։

«ՀԱՄԱՍԸ պետք է դադարեցնի Գազայի նկատմամբ իր վերահսկողությունը և զենքերը հանձնի Պաղեստինի ազգային վարչակազմին։ Մենք պատրաստ ենք կոչ անել Պաղեստինի պետության հետ համակարգված կերպով տարածաշրջանային և միջազգային ուժերի տեղակայմանը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից լիազորված առաքելության շրջանակներում՝ մեր ժողովրդին պաշտպանելու, բոլոր կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու և անվտանգությունն ապահովելու համար», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Մուստաֆան ընդգծել է, որ այդ ուժերը չեն փոխարինի պաղեստինյան անվտանգության ուժերին։

Վարչապետի խոսքով, անհրաժեշտ է համատեղ աշխատանք՝ Գազայի հատվածը Հորդանան գետի Արևմտյան ափին վերամիավորելու համար՝ «առանց օկուպացիայի, բռնի տեղահանման կամ անեքսիայի»։ «Մենք պետք է մեր ժողովրդի հետ միասին վերակառուցենք Գազան, որտեղ Պաղեստինն ու Իսրայելը կապրեն կողք կողքի խաղաղության և անվտանգության մեջ՝ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման հասնելու համար», – ասել է Մուստաֆան։

–00—ՅՄ