Հնարավոր չէ 30 տարի չփոփոխված համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին․ ՆԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն ու ծառայության աշխատակիցներ։
Արդեն երրորդ անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և վարչական մասի ղեկավարության ներգրավմամբ, հավաքվում է երկօրյա աշխատաժողովի` քննարկելու Ծառայության ճանապարհային քարտեզը, արված աշխատանքներն ու ծրագրված անելիքները։
Ներկայացվել են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքները բոլոր ուղղություններով, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխությունները, որոնք ներդրվելու են կենսաչափական համակարգի գործարկմանը զուգահեռ։
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական լավարկման համատեքստում նախարար Սարգսյանը շեշտել է, որ համակարգի բարելավման ուղղությամբ կայացվող որոշումներն ու գործնական քայլերը հիմնված են խորքային վերլուծությունների, դրական ու բացասական կողմերի համակողմանի գնահատման և ընդհանուր սկզբունքների վրա։
Տարբեր համակարգերի մասին խոսելիս նախարարը նշել է, որ որոշ դեպքերում հնարավոր է հատվածաբար «վերանորոգում» իրականացնելով առկա խնդիրները լուծել, սակայն կան ոլորտներ, որտեղ խորքային վերափոխման անհրաժեշտություն կա։ Այս համատեքստում, հաշվի առնելով և՛ փաստական տվյալները, և՛ ոլորտի նկատմամբ ձևավորված մոտեցումները Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը ՄՔԾ բոլոր աշխատակիցների փորձի, գիտելիքի, ներուժի հաշվառմամբ գծագրված նոր «շենք» է, որտեղ բոլորի ջանքերի համատեղումը թույլ կտա ներդնել նոր գործընթացներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։
«Ես ուզում եմ, որ Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ծառայությունների մատուցման նոր ձևաչափն ընկալենք որպես հնարավորություն, որովհետև մեկ օր մենք այս փոփոխությունը պետք է անենք։ Հնարավոր չէ 30 տարի չփոփոխված համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին և վստահ լինել, որ այդ ծառայությունը կարող ենք մատուցել այն տրամաբանությամբ, որը որ մեր քաղաքացին ուզում է տեսնել։ Հետևապես պետք է գնանք ավելի հեղափոխական լուծումների ճանապարհով, որն իրականում կկարողանա բովանդակային փոփոխություն բերել պրակտիկայում»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Արփինե Սարգսյանի դիտարկմամբ՝ ՄՔԾ համակարգում իրականացվող փոփոխությունները կենսական նշանակություն ունեն և ուղղված են քաղաքացիներին առավել բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Այս համատեքստում «քաղաքացի» հասկացությունն ընդգրկում է նաև համակարգի աշխատակիցներին, որոնք ևս օգտվում են հանրային ծառայություններից։
Նախարարի խոսքով՝ առաջիկայում քննարկման առարկա կդառնան Պետություն-մասնավոր գործունեության ձևաչափի բոլոր մանրամասները։ Պայմանագրի նախագծով նախատեսվում է, որ մասնավոր գործընկերը առաջնահերթ պետք է ներգրավի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին։
Եթե անգամ որոշ աշխատակիցներ չհամապատասխանեն պայմանագրային հարաբերությունների պահանջներին, ապա նրանք ՆԳ նախարարության համակարգում կշարունակեն աշխատանքը։
Բացի այդ, նախատեսվում է հատուկ թիմի ստեղծմամբ ուժեղացնել վերահսկողության մեխանիզմները՝ մասնավոր գործընկերոջ պայմանագրային պարտականությունների կատարման ընթացքի վերահսկման նպատակով։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, կարևորելով ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային գործընկերոջ դաշտում որակի և սպասարկման նոր ստանդարտի սահմանումը, վկայակոչել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական բնույթի ծառայություններ մատուցելու ուղղությամբ կուտակված փորձառությունը։
Նրա դիտարկմամբ՝ փորձառությունը վերլուծելու և ընդհանուր սպասարկման որոլտում ներդնելու առիթ է։
Այս համատեքստում Ծառայության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքն ու անդրադարձել առկա մարտահրավերիներին՝ նախանշելով դրանց լուծման ուղիներ։
ԵԽ Ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն նշել է, որ համակարգի բարելավման տեսլականը դիտարկվում է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում, որտեղ առաջնահերթ են և՛ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, և՛ միգրացիոն հոսքերի կառավարման հետ կապված ծառայության մարտահրավերների հաղթահարումը։
–00—ՅՄ