«Հարավկովկասյան երկաթուղու» մի շարք կայարաններ և կանգառներ արդիականացվել են
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն այս ամռանը մի շարք կայարաններում և կանգառային հարթակներում իրականացրել է արդիականացման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, նորացվել է Երևանի երկաթուղային կայարանի կառամատույցի սալիկապատ ծածկը, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների կառամատույցները։
Արմավիրի մարզում ամբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառային հարթակը։ Երևանի կայարանի շենքում կառուցվել է սանհանգույց սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։
ՀԿԵ ուղևորային տնօրինության ղեկավար Հրանտ Միքայելյանի խոսքով՝ վերանորոգման ենթակա օբյեկտները ընտրվել են՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների վիճակը, ինչպես նաև ուղևորների արձագանքները։ Ուղևորային ենթակառուցվածքի նորացման և կապիտալ վերանորոգման ծրագիրը կշարունակվի նաև 2026 թվականին։ Նախնական պլանավորված է աշխատանքներ իրականացնել հինգ կայարաններում։
ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետական և միջպետական ուղևորափոխադրումների շրջանակում տեղափոխվել է 233,5 հազար ուղևոր։
—00—ՄԱ