Էջմիածինը կարող է դառնալ Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ

27/07/2025 16:44 Քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Էջմիածինը կարող է դառնալ Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ

Շաբաթներ շարունակ իշխանական քարոզչությունն ազդարարում է Վաղարշապատում «մեծ հոգևոր հավաք» և հնարավոր «երթ դեպի Վեհարան»։

Հանրային դիսկուրսում տարածվեց համոզումը, թե Վարդավառի մարդաշատ օրը կառավարությունը կնախընտրի ուժով պարպել լարվածությունը և թուլացնել Եկեղեցու հեղինակությունը։

Ես ի սկզբանե այս վարկածը համարել եմ վիճահարույց:

Վեհարանը, հատկապես Վարդավառի խորհրդանշական օրը, վայելում է լայն համակրանք․ ցանկացած ուժային միջամտություն կարող էր իշխանությունը կանգնեցնել զանգվածային անհնազանդության առաջ։

Փաշինյանը, գիտակցելով հավանական ռիսկերը, ընտրել է «սառեցման» մարտավարություն՝ ժամանակ շահելու համար:

Մի կողմից, Փաշինյանը՝ Եկեղեցու հետ կապված իր սկանդալային, հակասահմանադրական հայտարարությունների բերումով, իրեն դրել է փակուղու մեջ, մյուս կողմից՝ նա «մեծ հոգևոր հավաքի» կոնկրետ ժամկետներ չի նշել՝ իր համար թողնելով մանևրելու հնարավորություն:

Ես գրեթե վստահ եմ, որ այս ուղղությամբ Փաշինյանի մոտ ակտիվություն կնկատվի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, երբ Վաղարշապատում սպասվում են ՏԻՄ ընտրություններ:

Ընտրություններ ժամանակ, որպես կանոն, ադմինիստրատիվ ռեսուրսի կոնսոլիդացիան ավելի արդյունավետ է լինում:

Մյուս կողմից, երկու գործընթացների մեկտեղումը և դրանց հնարավոր ձախողումը Էջմիածինը կարող են դարձնել Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ: