Արցախը զոհաբերվեց Բաքվի հետ գազային պայմանագրերին, Գազան՝ Արևմուտքի և Իսրայելի պայմանագրին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
««Հումանիտար» Արևմուտքը և միջազգային իրավունքի փլուզումը. հերթական զոհը Գազան է
2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը դասական օրինակ էր, թե ինչպես է աշխարհը նայում հումանիտար աղետին և ոչինչ չի անում։
Լաչինի միջանցքի փակումը 9 ամիս շարունակ, սննդի, դեղորայքի, գազի մատակարարման կասեցումը, սովի իրական վտանգը արձանագրվեցին միջազգային կառույցների կողմից։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը։
Ի՞նչ եղավ հետո․ ոչինչ։
Արևմուտքը սահմանափակվեց հայտարարություններով, քանի որ Բաքուն էներգետիկ ռեսուրսներ էր մատակարարում Եվրոպային։
Արդյունքը՝ Արցախի հայաթափում։
Այսօր նույն տրամաբանությունն է գործում Գազայում։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ բնակչության գրեթե 1/3-ը օրերով սնունդ չի ստանում, հազարավոր երեխաներ մահանում են ջրի և դեղորայքի պակասից, իսկ հիվանդանոցները կաթվածահար են։ Միևնույն ժամանակ՝ Արևմուտքը կրկին սահմանափակվում է «հումանիտար դադարների» կոչերով, բայց շարունակում է զինել Իսրայելին։
Երկու դեպքում էլ գործ ունենք «պարտավորություն պաշտպանելու» (Responsibility to Protect) սկզբունքի բացահայտ խախտման հետ։
ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Ժնևյան կոնվենցիաները հստակ սահմանում են՝ քաղաքացիական բնակչությունը չի կարող դառնալ սովի կամ պաշարման գործիք։ Բայց այս նորմերը մնացին թղթի վրա։
Արցախը զոհաբերվեց Բաքվի հետ գազային պայմանագրերին, Գազան՝ Արևմուտքի և Իսրայելի ռազմավարական դաշինքին»։
–00—ՍՊ