Իրանի նախագահն անհրաժեշտ է համարում ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է հարևան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի և Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մեջբերելով Փեզեշքիանի խոսքերը։ Իրանի արտաքին գործերի նախարարություն կատարած անսպասելի այցի ժամանակ նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել մեծ նվաճումների։ Նա կոչ է արել դիվանագետներին՝ ավելի նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել իրենց ջանքերում։
Նախագահը նկատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ընդգծել է՝ իրանցիները պետք է պատրաստ լինեն պաշտպանել իրենց երկիրը՝ միաժամանակ օրակարգում ներառելով դիվանագիտությունը՝ հավելելով, որ եթե այս ազգը ապրում է խաղաղության մեջ, դա շատ ավելի լավ է, քան պատերազմի մեջ ներգրավված լինելը։
Իրանի նախագահը նաև անդրադարձել է Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ անկլավում կատարվող իրադարձությունների մեջ մեղադրելով Իսրայելին։
—00—ՄԱ