Գյումրիում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի՝ Միքայել Սրբազանի կալանավորման պատճառով

25/07/2025 09:32 Ներքին կյանք

Գյումրու ավագանու «Մեր հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ: Այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի:

Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել, մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց:

Մեր համաքաղաքացիներին և Գյումրիի հյուրերին հորդորում ենք մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում այնպես, ինչպես եղել է միշտ:
Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին:

Ազատություն հոգևոր հայրերին»:

—00—ՄԱ