Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Թուրքիայի Սաքարիա, Բիլեջիք, Էսքիշեհիր, Իզմիր և Քարաբուք նահանգներում բռնկված անտառային հրդեհները մարել դեռևս չի հաջողվում:
Քամու հետևանքով արագ տարածվող կրակի մարման աշխատանքներն իրականացվում են ինչպես օդից, այնպես էլ ցամաքից։ Մի շարք գյուղերում տեղի իշխանությունները որոշել են տարհանել բնակիչներին։
Ամենաուժգին հրդեհներից մեկը գրանցվել է Սաքարիայի Գեյվե և Փամուքովա շրջանների միջև, ինչի արդյունքում կրակը հասել է հարևան Բիլեջիք նահանգի գյուղերին։ Նահանգի Քազանջը գյուղում կրակը բնակելի տներից հեռու է ընդամենը 75 մետր:
Իզմիրի Ուրլա շրջանում, ինչպես նաև Էսքիշեհիրի ու Քարաբուքի մի շարք հատվածներում նույնպես հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվ փուլում են: Էսքիշեհիրում կանխարգելման նպատակով տարհանվել է նաև Աֆյոնքարահիսար շրջանի գյուղերի բնակչությունը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ