Թուրքիայի նպատակը Արևելք-Արևմուտք միջազգային լոգիստիկայի առանցքային կապող օղակ դառնալն է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է․
«Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի։
2023 թ. ընդունված ՛՛Մինչև 2053 թ. տրանսպորտի և լոգիստիկայի զարգացման գլխավոր ծրագրի՛՛ համաձայն Անկարան նախատեսում է ձևավորել իր արևելյան նահանգները ընդգրկող ու դեպի Հարավային Կովկասի, Իրանի և Իրաքի սահմաններ ձգվող երկաթուղային համակարգ:
Այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Կարս-Դիլուջու (2,38 մլրդ եվրո), Նուսայբին-Ջիզրե-Սիլոպի-Հաբուր (1,41 մլրդ եվրո) երկաթուղիներն ու Էրզինջան-Էրզրում-Կարս գծի արդիականացումը դիտարկվում են որպես այլընտրանքային ցամաքային տարանցիկ ուղիներ՝ հագեցած աշխարհաքաղաքական նշանակությամբ։
Թուրքիայի նպատակն այս համատեքստում Արևելք-Արևմուտք միջազգային լոգիստիկայի առանցքային կապող օղակ դառնալն է՝ ներառյալ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» դե-ֆակտո վերահսկողությունը:
Նկարում ներկայացված է հատված Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության՝ մինչև 2053 թ. տրանսպորտի և լոգիստիկայի զարգացման գլխավոր ծրագրից»։