Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ»

22/07/2025 08:11 Ներքին կյանք

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքը հայտնվել է մի միջավայրում, որ հակաիշխանական, հականիկոլական խոսքը փաստացի քրեականացվել է: Ո՛չ օրենքով, իհարկե: Բայց գործնականում այդպես է: Վերջին շրջանի կալանավորումները՝ հապացույց: Չնայած, ինչո՞ւ միայն վերջին շրջանի, ընդհանրապես՝ «փաշինյանական շրջանի»: Հիմա՝ հատկապես:

Եվ բոլոր այն գործիչները, հրապարակային դեմքերը, ովքեր սուր, մի քիչ կոշտ կարծիք են հայտնում, որ փաշինյանական իշխանությունները պիտի հեռանան, անմիջապես մեղադրվում են «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, կալանավորվում, հասարակությունից մեկուսացվում: Հա, ըստ էության, «իշխանության զավթման կոչի» ու «ահաբեկչության նախապատրաստման» հոդվածներով մեղադրանքներն այլևս «նորաձև» են: Ու կարևոր չէ, որ այդ բոլոր մեղադրանքները դատարաններում փլուզվելու են: Դեռ «քննությունը» նոր մեկնարկած՝ ակնհայտ է, թե ինչ աչք ծակող «կարմիր թելերով» են այդ «գործերը» կարված:

Կարևորը՝ մինչ այդ տևական ժամանակ է անցնում, իսկ ակտիվ անձանցից շատերը միառժամանակ մեկուսացած են լինում: Ի լրումն ամենի՝ իշխանության նման ռեպրեսիվ գործելաոճը նպատակաուղղված է հասարակության մեջ վախի մթնոլորտ ձևավորելուն: Այսինքն, նպատակն այն է, որ շատերի բերանը փակի:

Բայց միայն դա չէ: Մյուս պարզորոշ նշմարվող հանգամանքն այն է, որ ընտրություններից առաջ փորձ է արվում կոտրել ընդդիմադիր ուժերին, դիմադրության օջախները, կոտրել դիմադրության ոգին ու ողնաշարը: Ընտրություններին համարյա մնալ մենակ, էլի, իր սատելիտ ուժերի հետ:

Իշխանության նման ռեպրեսիվ գործունեությունը ցույց է տալիս, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ընտրությունները կեղծելու հիմքեր են ստեղծում: Ընտրություն կեղծելն, ի վերջո, միայն քվեաթերթիկ կամ քվեարկության արդյունք կեղծելը չէ, միայն «կարուսելն» ու լցոնում-մցոնումը չեն: Ընտրությունը դառնում է ոչ լեգիտիմ, երբ «խոսում» է վարչական ռեսուրսը, որի չարաշահման հիմքերն արդեն ձևավորված են: Ոչ լեգիտիմ ընտրությունը և՛ վախի մթնոլորտն է, և՛ քաղաքական հետապնդումներն են, և՛ հանրությանը շարունակական տագնապի ու հոգեբանական տեռորի վիճակում դնելը: Այսինքն, այդ մթնոլորտում ու այդ պարագայում կայացած ընտրությունը: Ոչ լեգիտիմ «ընտրությունն» այն է, երբ նախընթաց շրջանում «շարքից հանում» ես հնարավոր մրցակիցներին, կալանավորում, բանտարկում, հետապնդում: Ավելին, այդ ճանապարհին չես խորշում նույնիսկ տնտեսվարողների վրա ճնշումներից: Դե, էլ չենք խոսում Եկեղեցու վրա հարձակման մասին: 4Մի խոսքով, այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, արդեն իսկ ապալեգիտիմացնում է առաջիկա ընտրությունները, եթե… դրան մասնակցեն նա ու իր ՔՊ-ն:

–00—ՍՊ