Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն Թեհրանում

21/07/2025 13:39 Միջազգային

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Թեհրանում:

Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և «եվրաեռյակի» սպառնալիքները՝ ակտիվացնելու snapback  մեխանիզմը, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերադարձ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:«Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի կունենա եռակողմ հանդիպում (…) Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև, որի գլխավոր թեմաներից մեկը կդառնա միջուկային խնդրի, մասնավորապես, պատժամիջոցների վերադարձի հարցի քննարկումը», – ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է նաև, որ հանդիպումը չի լինելու արտգործնախարարների մակարդակով։ Դիվանագետի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում համընկնում են ու երեք երկրները պահպանում են լավ հարաբերությունները։

—00—ՄԱ