Մեկնարկում է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

21/07/2025 13:12 Ներքին կյանք

Հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը: ՄԿՈՒ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում:

Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։

2025-2026 ուսումնական տարում՝

-ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ ժամը 18:00-ը ներառյալ: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-17-ը ներառյալ:
-ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2025 թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ը ներառյալ:

Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մյուս բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

Դիմումների կողմից դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում, կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընդունելության երկրորդ փուլին մրցութային հիմունքով կարող է մասնակցել ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդը՝ ոչ ոլորտային մասնագիտությունների գծով, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով՝ տվյալ տարվա առաջին փուլին մասնակցած և դրական գնահատական ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդը:

Երկրորդ փուլի հայտերն ընդունվում են թափուր տեղերի հրապարակումից հետո մինչև 2025 թվականի օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00-ը ներառյալ:

—00—ՄԱ