Արագածոտնի մարզում «Opel»-ը բռնկվել է. 5 անչափահասներից 1-ը մահացել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց

20/07/2025 18:28 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Թաթուլ գյուղից դեպի Հացաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացած վիճակում տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենայում եղել են 5 անչափահասներ։ Մահացածին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական ավտոմեքենայով, սակայն ճանապարհին երեխան մահացել է։

4 հոգի էլ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ 3 հոգին անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկ հոգի ըստ բժիշկների ունի վնասվածքներ և պետք է մնա իրենց հսկողության տակ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և հիվանդանոց տեղափոխված 4 երեխաների ինքնությունը։

–00—ՅՄ