Փաշինյանի հրապարակային «վհուկների որսը» հոգևորականության հասցեին կոպիտ խախտում է․ հայտարարություն

20/07/2025 16:03 Ներքին կյանք

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 19-ի ֆեյսբուքյան գրառումը, որը նպատակաուղղված է հերթական անգամ վարկաբեկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգեւորականությանը եւ սերմանելու անվստահություն ու ատելություն հասարակության ներսում։

Վարչապետը իր գրառմամբ համեմատում է եկեղեցական կյանքի ներքաղաքական, հոգեւոր եւ կանոնական ծանրակշիռ խնդիրները մասնավոր IT ընկերությունում տեղի ունեցած միջադեպի հետ՝ դիտավորյալ նսեմացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր առաքելությունն ու ինքնիշխան կառավարման կարգը։ Սա ոչ միայն անհամաչափ եւ մանիպուլիատիվ կերպով աղավաղում է փաստերը, այլեւ բացահայտ հրահրում է հակաեկեղեցական հիստերիա:

Սահմանադրությամբ երաշխավորված է պետության եւ եկեղեցու տարանջատվածությունը։ Վարչապետի հրապարակային «վհուկների որսը» հոգեւորականության հասցեին կոպտորեն խախտում է այս սկզբունքը, հանգեցնելով պետական գերիշխանության վտանգավոր ոտնձգության դեպի եկեղեցական տարածք։

Ոչ իրավական եզրաբանություններով («պղծում», «դավաճանություն», «շնացում») վարչապետը միտումնավոր սեւացնում է անհատներին եւ ամբողջ եկեղեցական հաստատությունը՝ առանց ավարտված քննության, առանց փաստարկված դատավարական ընթացակարգի։ Այսօր թիրախում Գարեգին Բ Ներսիսյանն է, վաղը՝ ցանկացած հոգեւորական, ով կհանդգնի արտահայտել հակադրական տեսակետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ հրապարակային ներողություն հայցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց եւ հրաժարվել եկեղեցու ներքին կյանքին առնչվող գնահատականներից։

Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, ոչ թե գործադիր կամ օրենսդիր մարմինների միջամտությամբ։

Իրավապաշտպան կառույցներին կոչ ենք անում արձագանքել հավատքի ազատության եւ եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը։

Հայրենիքում եւ Սփյուռքում գործող բոլոր կառույցներին, հասարակական, ակադեմիական եւ լրագրողական շրջանակներին կոչ ենք անում անպայման միանալ մեր ձայնին եւ միասնական կտրուկ ո՛չ ասել եկեղեցու նկատմամբ հալածանքներին՝ հովանավորվող պետական մակարդակով»։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

–00—ՅՄ