ԱՐՑԱԽԻ ԳՈՅԱՏԵՎՈՒՄԸ «ՄՈՒԹ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ». Արցախի պատմությունը՝ մաս 4-րդ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Բագրատունյաց ժամանակներում Հայոց Արևելից գավառներում, որոնց մեջ էր նաև Արցախը, իրենց նշանակությամբ աչքի էին ընկնում հատկապես Խաչենի իշխանությունը, Փառիսոսի թագավորությունն ու Դիզակի իշխանությունը:
Քաղաքական, տնտեսական ու մշակութային վերընթաց ապրող Խաչենի իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեին ոչ միայն հայկական իշխանատոհմերը, այլև ժամանակի հզորագույն տերությունները: Խաչենում Համամ Բարեպաշտ Առանշահիկն այնպիսի հզոր պետական կազմավորում էր ձևավորել, որ արդեն 10-րդ դարում Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը վկայում է, որ իր երկիրն առնչություններ ուներ Արցախի հետ:
Հետբագրատունյաց ժամանակներում է, որ Հայաստանի, այդ թվում Արցախի համար սկսվում է այսպես կոչված «մութ միջնադարի»սարսափելի ժամանակաշրջանը: Ամեն ինչ սկսվեց 11-րդ դարի սելջուկ-թուրքերի ավերիչ արշավանքներով: Զաքարյանների շրջանում հազիվ էր Հայաստանը, այդ թվում Արցախն ազատագրվել սելջուկ-թուրքական լծից, երբ 13-րդ դարում սկսվեցին մոնղոլական ավերիչ արշավանքները: Տակնուվրա անելով հյուսիս-արևելյան Հալաստանի բնակավայրերը՝ մոնղոլները շարժվեցին դեպի Արցախ:
Արցախի հայությունը, ապավինած իր լեռնաշխարհին, տեղի չտվեց նաև այդ փորձության առաջ։ Այս իրավիճակում էր, երբ 14-րդ դարի վերջերին հայ ժողովրդի գլխին պայթեց չարիքներից մեծագույնը. սկսվեցին Լենկ Թամուրի մահասփյուռ արշավանքները։ 1386 թվականին Թեմուրի հորդաները նվաճում են Թավրիզն ու անցնելով Արաքսը և գրավելով Սյունիքը, հայտնվում են Արցախում:
Ուշագրավ է, որ հայ նախարարական տների զգալի մասը 14-15 դարերում իրենց քաղաքական և տնտեսական դիրքերը զիջեցին Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն, և չնայած դրան Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տան առանձին ճյուղեր կարողացան դիմակայել քոչվոր նվաճողների ճնշումներին և չնայած թուլացած ու տկարացած, բայց այսպես կոչված «մութ միջնադարում» կարողացան պահպանել դարեր շարունակ երկրամասում գոյություն ունեցած պետական ինստիտուտների կենսունակ բեկորները և հայոց ինքնությունը:
«Արցախի պատմությունը» նախագծի չորրորդ մասը (ԱՐՑԱԽԻ ԳՈՅԱՏԵՎՈՒՄԸ «ՄՈՒԹ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ») ամբողջությամբ՝ տեսանյութում.
–00—ՅՄ