Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական նոր հետապնդում

18/07/2025 19:46 Ներքին կյանք

Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել․

Հարգելի հայրենակիցներ,

Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ինչ-որ դատախազ հարուցել է նոր լրացուցիչ հանրային քրեական հետապնդում մեզ դեռեւս անհայտ, սակայն ակնհայտ հորինված հանգամանքներով։ Այս մասին մեզ բանավոր տեղեկություն է փոխանցել Թիվ 18-0980-24 քրեական վարույթով քննիչ Է.Անտոնյանը:

Հիշեցնեմ, որ Թիվ 18-0980-24 քրեական վարույթով Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, երբ նա գտնվում էր կալանքի տակ` 15.05.2025 թվականին և երբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրապարակել էր զրպարտչական բնույթի ու Լիլիթ Աղեկյանի անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ: Այսինքն այս հանրային հետապնդումը անհրաժեշտ էր, որպեսզի հիմնավորեին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը: Թիվ 18-0980-24 քրեական վարույթով Լիլիթ Աղեկյանին մեղսագրվել են ոստիկանի մասին արատավոր տեղեկություններ տարածելը` «կամակատար մենթ», «սրիկա լակոտ» արտահայտությունները` ֆեյսբուքյան ինչ-որ գրառում կատարելու համար` արարք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսինքն, երկու ամիս քննիչը և դատախազը ոչ մի գործողություն չեն կատարել, սակայն կրկին գործի են դրել ռեպրեսիայի ապարատը` Լիլիթ Աղեկյանի նկատմամբ բռնություն, խոշտանգում իրականցնողների հետ քրեական վարույթով օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված առերեսմամբ։

Այսինքն` «կամակատար մենթ», «սրիկա լակոտ» արտահայտությունները քննիչների և դատախազների համար պահանջված «գործիքներ են», մարդկանց հանիրավի մեղադրելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, որի դեմ Լիլիթ Աղեկյանը հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ ամբիոնից իր հասցեին զրպարտչական տեղեկություններ տարածելու եւ նրա անմեղության կանխավարկածը խախտելու համար, միգուցե որոշել է իր իրավունքները որպես Պատասխանող պաշտպանել այս տեսակի մարտավարությամբ:

Պարոն Արթուր Պողոսյան, եթե նման մարտավարությամբ եք ցանկանում խուսափել պատասխանատվությունից, ապա համեստորեն զգուշացնում եմ՝ սխալ եք, հեռանկար չունեք և ի սկզբանե պարտված եք:

ՀՀ Շիրակի մարզի մի շարք կոռուպցիոներների` այդ թվում մարզի իրավապահների կազմից, Լիլիթ Աղեկյանի կողմից կատարված բացահայտումները և այդ անձանց չպատժելը Հայաստանում ոստիկանների, քննիչների, դատախազների և դատավորների մասին ստեղծել է «գործուն հրեշավոր համակարգի» կայուն ձեւավորված կարծիք։

Դուք հարձակվում եք մենք պաշտպանվում ենք…

Այս ամենը ժամանակավոր է…