Հայաստանով միջանցքը վարձակալելու ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել․ Forbes

18/07/2025 18:55 Ներքին կյանք

Պայմաններում, երբ գլոբալ լարվածության սրման ֆոնին աշխարհը պայքարում է ոչ ռուսաստանյան էներգակիրների համար, կարո՞ղ է արդյոք հայկական հողի 43 կիլոմետրանոց շերտը դառնալ ԱՄՆ-ի խորամանկ քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով վարձակալելու ԱՄՆ-ի համարձակ առաջարկը խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, սակայն սպառնում է Կովկասում սառը պատերազմի նոր թեժ կետ բորբոքել։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, գրում է Forbes-ը։

«Միացյալ Նահանգները հայտնվել է բարձր ռիսկային դիվանագիտական խաղի կենտրոնում, որը կարող է արմատապես փոխել էներգետիկ հոսքերը Եվրասիայում։ Հայաստանի Սյունիքի մարզով ռազմավարական 43 կիլոմետրանոց միջանցքի իր հավակնոտ առաջարկի շնորհիվ Վաշինգտոնը ձգտում է հաղթահարել բազմամյա փակուղիները, դիվերսիֆիկացնել Եվրոպա էներգակիրների մատակարարումները՝ դրանք հեռացնելով Ռուսաստանից, և հակազդել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի աճող ազդեցությանը կենսականորեն կարևոր տարանցիկ տարածաշրջանում։

Այս նախաձեռնությունն արտացոլում է Հարավային Կովկասում իշխանական հազվագյուտ վակուումից օգտվելու ԱՄՆ-ի ավելի լայն հավակնությունները։ Այս տարածաշրջանը պատմականորեն գտնվել է Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց այժմ պատրաստ է ուժերի վերադասավորման այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վճռորոշ հարձակման ժամանակ Մոսկվան չկարողացավ պաշտպանել իր դաշնակից Հայաստանին։

Հարավային Կովկասում Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորի, հանդեպ վստահությունը խարխլվել է։ Չնայած 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրով տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների ներկայությանը՝ 2023 թվականի սեպտեմբերին Մոսկվան չմիջամտեց, ինչը հանգեցրեց Ղարաբաղից 100 000 էթնիկ հայերի վտարմանը։ Այս անգործությունը Երևանում ընկալվեց որպես խորը դավաճանություն՝ խարխլելով ռուսական անվտանգության երաշխիքների հանդեպ հավատը և խթանելով Հայաստանի պատմական շրջադարձը դեպի Արևմուտք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ