Արարատի մարզում տեղի ունեցած ձերբակալություններին օրեր առաջ նախորդել է կենցաղային վեճը․ մանրամասներ

18/07/2025 13:44 Ներքին կյանք

24News-ի տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ Արարատի մարզում տեղի ունեցած ձերբակալություններին մի քանի օր առաջ նախորդել է կենցաղային վեճը` ասորական Վերին Դվին և Արևշատ համայնքի բնակիչների միջև:

Մեզ փոխանցեցին, որ վիճաբանության մասնակիցների թվում է Արևշատ համայնքի վարչական ղեկավարի` Ստեփան Նիկոլյանի որդին, որը ստացած վնասվածքների հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:

24News-ը կապ հաստատեց Նիկոլյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց նրա քրոջ որդին, նշելով, որ քեռին համայնքում չի գտնվում և որ երեկոյան է վերադառնալու:
«Քեռուս տղայի հետ կապված չկա նման բան»,- ասաց Նիկոլյանի քրոջ որդի ներկայացած անձը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում:
Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց։

24News-ի հետ զրույցում Միրզոևան ասաց, որ իրավապահները դեռ շարունակում են մնալ գյուղում և նաև սպառնացել են, որ հատուկ ջոկատայինների կհրավիրեն, եթե անհրաժեշտությունն առաջանա:

ՆԳՆ-ից էլ 24News-ին հայտնել էին, որ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ.
«Նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում»,- մանրամասնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Մերի Մանուկյան

—00—ՄԱ