Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է․ Տեր Մարկոս

18/07/2025 12:30 Ներքին կյանք

Որպես Հայ Եկեղեցու սպասավոր եմ ասում. եթե մեկը այդքան հանդգնություն ունի վայրահաչելու Հայոց Եկեղեցու նվիրապետական կարգի ու այդ նվիրապետության գլուխ հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա որևէ դեր ստանձնել մեր ծիսական կյանքում և ոչ էլ հաղորդ կդարձնեմ որևէ սրբության: Միակ բանը, որ տվյալ անձն ունի անելու, ապաշխարության խորհրդով անցնելն է: Եվ բնավ կապ չունի այդ անձը ՔՊ – ական է, թե՝ ոչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

«Ոչ ոք չի ասում, որ ամենքդ պիտի ուշագնաց սիրով սիրեք ինձ կամ որևէ այլ աստիճանի հոգևորականի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, սակայն հարգանք նվիրապետական կարգի հանդեպ պարտավոր եք ունենալ: Չունեք այդ հարգանքը և լկտիություն ունեք եկեղեցում այդ մասին մեծաբերան խոսելու, ուրեմն պատրաստ եղեք նույն այդ նվիրապետական կարգի ներկայացուցչի կողմից կարգի հրավիրվելու կամ առնվազն մերժում ստանալու:

Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի: Տեր Հայրը ոչ թե մերժել է կատարել մկրտությունը, այլ թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր: Այլ կնքահայր ընտրելու դեպքում մկրտությունը կարվեր»:

–00—ՅՄ