Փաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ․ «Իրավունք»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ծայրահեղ կասկածանքով է սկսել վերաբերվել այն կառույցներին, որոնք մինչ այս պահը համարվել են իր իշխանության պահպանման հենասյուները: Խոսքը, իհարկե, իրավապահ համակարգի մասին է՝ ԱԱԾ-ից մինչեւ ոստիկանություն:
Նույն աղբյուրների համաձայն` ԱԱԾ տնօրենի՝ Արմեն Աբազյանի անակնկալ ու հանկարծակի հեռացումը ընդամենը տեսանելի հետեւանքն է խորքային անվստահության, որը հասունացել է վերջին ամիսներին՝ ներքաղաքական անորոշության ֆոնին: Փաշինյանի մտահոգությունները շատ ավելի հեռուն են գնում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նրան իրականում տանջում է մի ծանր հարց՝ ի՞նչ կլինի, եթե վճռական պահին իրեն պաշտպանելու փոխարեն՝ հանկարծ պարզվի, որ այդ նույն համակարգը դուրս է եկել իր դեմ:
Ըստ շրջանառվող վարկածների` նա չի բացառում, որ նույն իրավապահ համակարգում գործում են մարդիկ, ովքեր հարմար պահի կարող են «կլորիկ գումարի» դիմաց հրաժարվել կատարել ծեծել-ջարդելու, ասֆալտին սրան-նրան ծեփելու իր հրահանգները:
Իշխանության ներսում քննարկում են սա, քանի որ չեն բացառում, որ հնարավոր է լինի «օլիգարխիայի ռեւանշ»՝ խոշոր կապիտալի տեր դեմքերը սկսեն միմյանց հետ միավորվել՝ «փրկելու երկիրը Փաշինյանից»:
Իսկ եթե այդ պահին պարզվի, որ իրավապահ համակարգը այլեւս բիրտ ուժ կիրառող բրիգադը չէ, այլ պարզապես առնվազն չեզոք դիտորդ, ապա իրավիճակը կարող է լիովին դուրս գալ Փաշինյանի վերահսկողությունից:
Ընդ որում՝ առ այս պահը Փաշինյանը չի գտել հստակ պատասխան՝ ի՞նչ միջոցներով չեզոքացնի այն մարդկանց, ում ձեռքում են մնացել «օրինական բռնի ուժի» լծակները, բայց ում սրտում կարող են ծնվել հակաիշխանական հակումներ»։
–00—ՍՊ