Հայաստանն ու Նիդեռլանդները քննարկում են COP17-ը արդյունավետ անցկացնելու հարցերը

16/07/2025 22:11 Քաղաքական

Հուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և դրա արդյունավետ անցկացման վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է համաժողովի անկյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար, և այս համատեքստում ընդգծել է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ոլորտային համագործակցության ընդլայնման և առկա ներուժի իրացման հնարավորություններին: