Եկեղեցու դեմ սանձազերծված պայքարով ցանկանում են ազգային-եկեղեցական ընտանիքները քայքայել

16/07/2025 20:34 Ներքին կյանք
Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

Սիրելի լրագրողներ,

Ամենևին կարիք չկա հայտնի ցնորաբանությունները (մորոսաբանություն) տարածելու, ավելին՝ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ակնկալելու հոգևոր սպասավորներից և ուղղամիտ հավատացյալներից: Այդպես վարվելով, կամա թե ակամա, ջուր է լցվում օտարների (աշխարհիկ ու կրոնական) ջրաղացին, որոնք ընդդեմ Հայոց Եկեղեցու իրականացնում են կազմակերպված պայքար:

Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված այս պայքարը տիրել է ողջ աշխարհին. նպատակը մեկն է՝ ճշմարիտ և սուրբ հավատքի խորտակում, ազգային-եկեղեցական ինքնիշխանության վերացում, ազգային-եկեղեցական ընտանիքների քայքայում, որպեսզի այդպես ձևավորվի դերաքրիստոսին ծառայող անբան, անինքնություն և անզգամ մոլորյալների զանգված…

Հայոց Եկեղեցին ի սկզբանե գիտե այդ մասին և դարերի հոլովույթում հերոսաբար հաղթահարել է նմանատիպ հարձակումներն ու բռնաճնշումները:

Արդ, մի՛ տարածեք թունավոր խոսքեր ու մտքեր, անե՛ղծ պահեցեք մեր հավատավոր ազգի հոգեմտավոր ներաշխարհը: Երևելի ու աներևույթ թշնամին՝ իր չար արբանյակներով ու կամակատարներով, ամեն կերպ նկրտում է թշնամություն ցանելով՝ հայ հասարակության միջից արմատախիլ անել սերն ու միասնությունը:

Իսկ Հայոց Եկեղեցին և ուխտապահ հայ հոգևորականը հենց այդ սիրո և միության թթխմորն են եղել, կան և կլինեն ցկատարած աշխարհի:
Սեր և միություն, լույս և խաղաղություն մեր սիրելի Ազգին և Հայրենի երկրին:
Աստված մեզ օգնական: