ՊԵԿ առաջնահերթությունը կհստակեցվի՝ ԱԶԲ և ԶՖԳ ռազմավարական ուղղությունների շրջանակում

16/07/2025 19:46 Տնտեսական

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի (TADAT) կիրառմամբ ԱՄՀ կողմից 2025 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքները՝ ընդգծելով արձանագրված ակնհայտ առաջընթացը։

Տրամադրվող օժանդակությունների շրջանակում Ասիական զարգացման բանկը կարևորել է ծրագրերի ավարտից հետո հաշվետվողականության մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև ՊԵԿ առաջիկա առաջնահերթությունների հստակեցումը՝ ԱԶԲ և ԶՖԳ առաջիկա տարիների ռազմավարական ուղղությունների շրջանակում։

Քննարկվել են նախկինում ներկայացված տեխնիկական աջակցության կարիքների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև հարկային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքները՝ ներառյալ խաղային և կրիպտոարժույթների հարկման ոլորտները։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա տարիներին նախատեսվող ՊԵԿ հարկային ու մաքսային նոր ռազմավարությունների նախագծերին։