France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե իբր Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան

14/07/2025 12:23 Ներքին կյանք

Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված կեղծ լուրին այն մասին, թե Ֆրանսիան իբր գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում թղթակից Կատարինա Մաղշոն դը Աբղոն շեշտում է, որ դա կեղծ լուր է, որն արագորեն վիրուսային դարձավ սոցցանցերում։

«Հրապարակումն արվել է հունիսի 25-ին, և հենց նույն օրը սկսել է տարածվել։ Միայն X հարթակում այն դիտել են ավելի քան 2.1 միլիոն անգամ։ Հրապարակման մեջ ասվում էր, որ ֆրանսիական Orano ընկերությանը, որն աշխատում է միջուկային ոլորտում, անհրաժեշտ է եղել միջուկային թափոնների նոր պահեստ և իբր այդ պահեստը գտնվել է Հայաստանում։ Ավելին՝ նշվում է, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 1.6 միլիոն եվրոյի կասկածելի «նվիրատվություն» Ֆրանսիայից և դրա դիմաց հանձնել է տարածք ազգային պարկում։ Միջավայրը, բնակչության առողջությունը, իբր զոհաբերվել են շահույթի դիմաց։ Բացի այդ, տարածվում էր իբր «լրատվական» տեսանյութ՝ Courriere France 24 անունով մի լրատվամիջոցից։ Տեսանյութը ֆրանսերեն է, բայց խիստ ակցենտով և ակնհայտորեն չի համապատասխանում պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտներին։ Այսպես կոչված «լուրն» ակտիվորեն տարածվում էր X-ի ռուսամետ էջերով»,- նշել է նա։

Հեռուստահաղորդավարի հարցին, թե ինչպե՞ս է այդ կեղծ լուրը հայտնվել, թղթակիցը մանրամասնել է, որ առաջին հրապարակումը եղել է հունիսի 25-ին՝ ֆրանսալեզու մի կայքում՝ Courriere France 24 անվանումով։

«Այդ կայքին էին հղում անում X-ի բոլոր գրառումները, բայց այդ կայքը կեղծ է։ Դոմենի գրանցման տվյալներից երևում է, որ այն ստեղծվել է վերջերս՝ 2025 թվականի հունիսի 16-ին, այսինքն՝ ընդամենը 10 օր առաջ։ Կայքի IP հասցեն ցույց է տալիս, որ այն Ֆրանսիայում չի ստեղծվել, այլ՝ Պերուում։ TF1-ի գործընկերները կայքը ուսումնասիրել են արհեստական բանականության գործիքներով և պարզել, որ բոլոր տեքստերը գեներացվել են արհեստական բանականության միջոցով։ Կայքում բազմաթիվ անգամ օգտագործվել են հայտնի լրատվամիջոցների անուններ՝ այդ թվում France 24-ի։ Օրինակ՝ հրապարակել են պատկերը, որը իրականում պատրաստել էր հենց մեր՝ France 24-ի խմբագրությունը։ Հիմնականում բոլոր կեղծ հոդվածները ստորագրված են Ռոմեն Ֆակետի անունով՝ իրական ֆրանսիացի լրագրող, որը, ինչպես ինքն է հաստատել LinkedIn-ում, դարձել է անձնական տվյալների գողության զոհ։ Նրա անունը կեղծ կայքի կողմից օգտագործվել է առանց իր իմացության»,- ասել է Կատարինա Մաղշոն դը Աբղոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ