Չդառնաք ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացի հովանավորներ․ Մարուքյանը՝ ԵԽ նախագահին

14/07/2025 11:36 Քաղաքական

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Նամակով դիմել եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։

Ստորև ներկայացնում եմ այդ նամակի բովանդակությունը։

Հարգելի գործընկերներ,

Դիմում եմ ձեզ որպես Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) անդամ ուժի առաջնորդ։

Տեղյակ եմ, որ այսօր նախատեսվում է ձեր հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուստի ցանկանում եմ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և խնդրել ձեզ՝ այդ հարցերը բարձրացնել պարոն Փաշինյանի առջև։

Մեր երկրում հենց այս պահին հարցազրույց տալու համար ապօրինի կալանավորված է բարերար Սամվել Կարապետյանը, որի հայտարարությունը միտված է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությանը, և միայն այդ պատճառով նա այժմ պահվում է Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (հայ ժողովրդին առավել հայտնի՝ որպես ԿԳԲ-ի պոդվալ)։ Նույն կալանավայրում է գտնվում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ կրկին հարցազրույց տալու համար։ Հարկ է ընդգծել, որ Միքայել սրբազանը խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն է և ունի 36 պատգամավորի ստորագրություն՝ իմպիչմենթի գործընթացի շրջանակներում։

Ուզում եմ տեղեկացնել, որ իշխանական պատգամավորները արդեն սպառնում են փակել Հայաստանում գործող կուսակցություններից մեկը՝ խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության մասին է։

Հարգարժան պարոն Կոշտա և տիկին ֆոն դեր Լայեն, խնդրում եմ բարձրացնել այս հարցերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Ամենայն հարգանքով կոչ եմ անում ձեզ՝ չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։

Տեղի ունեցող գործընթացները չեն համապատասխանում Եվրոպական միության հիմնադիր փաստաթղթերին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Եվրոպական միության նկատմամբ։

Խնդրում եմ պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ շուտափույթ կերպով ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»։

–00—ՅՄ