Հուլիսի 11-ին և 12-ին Արեգակի վրա գրանցվել է 17 բռնկում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Արեգակնային ակտիվությունը հուլիսին աճել է մոտ երեք անգամ, երկու օրից էլ պակաս ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 բռնկում, գործընթացը գլոբալ բնույթ է կրում, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Երեկվա կեսերից (հուլիսի 11-ին – խմբ.) Արեգակի վրա արագորեն աճել է ակտիվ կենտրոնների քանակը և մակերեսը, այդ թվում՝ Երկրից անտեսանելի հեռավոր կողմում, որը ներկայումս դիտարկվում է եվրոպական Solar Orbiter տիեզերանավի կողմից։ Այլ կերպ ասած, ակտիվության աճը գլոբալ բնույթ է կրում», – ասվում է լաբորատորիայի կայքում։
Գիտնականների տվյալներով՝ շաբաթ առավոտյան Արեգակի ձախ եզրին գրանցվել են երկու M մակարդակի բռնկումներ, որոնք համարվում են ուժեղ։
«Հուլիսի 11-ին և 12-ին Արեգակի վրա գրանցվել է 17 բռնկում, ինչը համապատասխանում է բռնկումների ակտիվության մոտ 3 անգամ աճին՝ հուլիս ամսվա միջին արժեքների համեմատ»։
–00—ՅՄ