Հանրահավաքին ընդառաջ արցախցիներին իսկապես հրավիրել են ոստիկանություն. Արտակ Մկրտչյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

«Բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Արտակ Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հաստատել է, որ իսկապես բազմաթիվ արցախցիներ հրավիրվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր բաժիններ։
«Իրականում մի քանի արցախցի մեզ տեղեկացրել է, որ իրենց հրավիրել են ոստիկանության բաժիններ։ Նրանցից մի մասի հետ զրույցներ են կայացել, մյուսները դեռ բաժիններում են։ Ի՞նչ են խոսել՝ առանձին կանդրադառնանք, երբ տեսնենք իրենց։ Բայց այն, որ խորհրդի անդամների և այլ արցախցիների այսօր հրավիրել են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումներ, հաստատ է», — նշել է Մկրտչյանը։
Նշենք, որ ՆԳՆ-ն եւս հաստատել է, որ տարբեր արցախցիներ հրավիրվել են «զրույցի», բայց պնդում, թե դա բռնաճնշում չէ։ «Ոստիկանությունը, ինչպես ցանկացած այլ, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ քննարկում է բացառապես կազմակերպչական բնույթի հարցեր։ Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, ինչը պատշաճ կերպով իրականացվելու է», – «Փաստինֆո»-ին հայտնել էր ՆԳՆ խոսնակը։
–00—ՅՄ