Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմ

11/07/2025 19:37 Քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Ժամանակն է մտածել Դաշնակցական կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին». – ասել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Կասկածից վեր է, որ պատգամավորի միջոցով իշխանությունը, մի կողմից, բարձրաձայնում է իր նպատակը, մյուս կողմից՝ փորձում է շոշափել հանրային տրամադրությունները:

Բացարձակապես կապ չունի այն հանգամանքը, որ ես ու իմ քաղաքական թիմը և ՀՅԴ-ն տարբեր գաղափարախոսություններ և արժեքներ ենք դավանում:

Խոսքն ընդամենը մի քաղաքական ուժի մասին չէ։ Խոսքը սկզբունքի մասին է՝ արդյոք պատրաստ ենք պաշտպանել այն ուժը, որի հետ գաղափարապես համաձայն չենք, բայց որը ճնշվում է միայն այն պատճառով, որ համարձակվում է այլ կերպ մտածել։

Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացած այլ կուսակցության կամ անհատի դեմ։

Սա դիրքորոշում չէ հօգուտ ՀՅԴ-ի։ Սա դիրքորոշում է ընդդեմ քաղաքական հալածանքի, ընդդեմ նոր տիպի ավտորիտարիզմի:

ՀՅԴ-ի ճնշումը նախադեպ է։ Եթե այդ նախադեպը չմերժվի հանրային իմաստով՝ լռությամբ, հարմարվողականությամբ ու չեզոքությամբ, այն կկրկնվի։

Եթե մենք թույլ տանք, որ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով շապիկը ներկայացվեն որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ, ապա վաղը նման «իրեղեն ապացույցներ» գտնվելու են բոլորիս գրասենյակներում։

–00—ՍՊ