Ես նույնիսկ երազել չէի կարող նման բանի մասին․ Մոդրիչը հրաժեշտ է տվել Ռեալին

11/07/2025 15:49 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժեշտի հարցազրույցում խոսել է ակումբում անցկացրած 13 տարիների, Ֆլորենտինո Պերեսի հետ հարաբերությունների և կարիերայի կարևոր պահերի մասին։

Խորվաթ կիսապաշտպանը նշել է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել իր հանդեպ՝ սկսած այն պահից, երբ հրավիրել է ակումբ։ Մոդրիչը ընդգծել է, որ Պերեսը մշտապես ջերմ է եղել իր նկատմամբ և երբեք չի թաքցրել իր կապվածությունը։ Նա պատմել է, որ վերջին խաղից հետո, տեսնելով նախագահի արտասվող լուսանկարները, հասկացել է, թե որքան անկեղծ է նրա վերաբերմունքը։

«Ես երբեք չէի տեսել, որ նախագահը լաց լինի։ Այդ լուսանկարները տեսնելով՝ հասկացա, որ նա իսկապես սիրում է ինձ։ Ես միշտ երախտապարտ կլինեմ նրան այն ամենի համար, ինչ արել է ինձ և իմ ընտանիքի համար», – ասել է Մոդրիչը։

Խոսելով «Ռեալում» իր ամենակարևոր հիշողության մասին՝ Մոդրիչը առանձնացրել է «Դեսիման»՝ ակումբի 10-րդ Չեմպիոնների լիգայի տիտղոսը, որը նվաճվել է 2014 թվականին «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Նա նշել է, որ այդ հաղթանակը դարձավ «Ռեալի» դոմինանտ դարաշրջանի սկիզբը, որի ընթացքում թիմը 10 տարում վեց անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Մոդրիչը հիշել է իր գոլային փոխանցումը Սերխիո Ռամոսին, ով 90+3-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։ Նա նաև առանձնացրել է Մադրիդի Սիբելես հրապարակում տոնակատարությունը՝ որպես պահ, որն իր մոտ միշտ ժպիտ է առաջացնում։

Մոդրիչը նշել է, որ իր զգացմունքները խառն են, սակայն լի են երջանկությամբ՝ հաշվի առնելով այն ամենը, ինչին հասել է ակումբում։ Նա ընդգծել է, որ «Ռեալը» իրեն տվել է ամեն ինչ՝ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարդ, և որ ինքը ընդմիշտ երախտապարտ է լինելու։ Նա ավելացրել է, որ Մադրիդը դարձել է իր երկրորդ տունը, և ժամանակի ընթացքում ինքը կկարողանա ավելի լավ գիտակցել իր հաջողությունները։

«Իմ ցուցանիշների մասին լսելիս ես երջանկանում եմ։ Լինել այն ֆուտբոլիստը, ով ամենաշատ տիտղոսներ է նվաճել աշխարհի լավագույն ակումբում, զարմանալի զգացողություն է։ Բայց դա դեռ ամենը չէ։ Կարևոր է նաև երկրպագուների սերը։ Դու չես կարող կեղծել մարդկանց զգացմունքները։ Նրանք քեզ չեն սիրի միայն այն բանի համար, որ խաղում ես «Ռեալում»։ Բայց այն սերը, որ նրանք տվել են ինձ, անհավանական է։ Ես նույնիսկ երազել չէի կարող նման բանի մասին», – ասել է Մոդրիչը։

Նա եզրափակել է իր խոսքը՝ նշելով, որ միշտ երկրպագելու է մադրիդյան ակումբին։ 13 տարվա ընթացքում Մոդրիչը նվաճել է 28 տիտղոս՝ դառնալով «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ