Գուցե կա մի բան, որ մենք չգիտենք. տեսածն անտրամաբանական է. Սամվել Ֆարմանյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը մեր տունն է:
Մեր տանը մեծ հրդեհ է: Բոլորիս աչքի առաջ տան մի մասն արդեն այրվել է: Տան հարևանությամբ էլ ավելի մեծ հրդեհներ են, ու դրանք իրենց հերթին են մոտենում: Դրսում էլ շատ ուժեղ քամի է՝ եղած հրդեհը ամեն պահի կարող է տասնապատկել:
Հրդեհը տեսնում են բոլորը՝ բնակիչները, հարևանները, մոտ ու հեռու գյուղերում ու քաղաքներում: Բոլորը: Բնակիչներն անկարողությունից դրդված՝ անտարբեր հետևում են հրդեհին:
Տան ավագ բնակիչներից մեկն առաջարկում է դույլերը վերցնել գնալ մոտակա գետից ջուր բերել՝ փորձել հրդեհը հանգցնել:
Մյուս բնակիչն ասում է՝ բա որ ճանապարհին մեքենայի տակ ընկնենք կամ էլ հասնենք գետին՝ տեսնենք այն արդեն չորացած է:
Առաջին բնակիչն ասում է՝ անհնար է բացառել մեքենային տակ ընկնելն էլ, գետի չորացած լինելն էլ, հազար այլ բան էլ: Բայց փաստն այն է, որ մեր տունը մեր աչքի առաջ այրվում է, իսկ մենք ռեալ որևէ բան չենք անում: Քանի դեռ չենք փորձել՝ եկ վստահ չլինենք, որ չի ստացվի հանգցնել հրդեհը: Ու հակադարձ հարց է տալիս: Եթե չգնանք գետից ջուր բերելու, ի՞նչ ես առաջարկում, ինչպե՞ս մարենք կրակը: Գուցե ավելի գործնական ու խելացի բա՞ն ես առաջարկում:
Մյուսն ասում է՝ եկեք սպասենք: Կրակը գուցե ինքն իրեն հանգի, գուցե մի բարի մարդ անսպասելի գա ու հանգցնի կրակը: Ի վերջո, մեկ տարի հետո էս կողմերով հրշեջ մեքենա է անցնելու, ամեն հինգ տարին մեկ այստեղով դա անցնում է, կգնանք ամեն մեկս մի-մի դույլ ջուր կվերցնենք, ամբողջը միասին կդառնա մի տակառ, կբերենք կրակը կհանգցնենք: Ճիշտ է նախորդ անգամ չհաջողեցինք նույնն անել, բայց այս անգամ հաստատ կհաջողենք:
Հակադարձ հարց է հնչում՝ եղբա՛յր, մի տեսակ անհամոզիչ է, նախ ինչո՞ւ պիտի օտար մեկը գա ու մեր փոխարեն մեր տան հրդեհը հանգցնի: Կամ էլ մինչև էդ հրշեջ մեքենան հասնի էս կողմերը՝ կարող է մեր տունը լրիվ վառված լինի, մենք էլ մյուս բոլոր բնակիչների հետ արդեն հիվանդանոցներում ու գերեզմաններում լինենք: Հետո, անցած անգամ չկարողացանք ախր մի տակառ ջուր վերցնել: Որտեղի՞ց վստահությունը, որ այս անգամ կստացվի: Եկ փորձենք մեկ այլ տարբերակ: Սպասելն էլ ախր այլընտրանք չի:
Պատասխան՝ չե՞ս տեսնում, որ կրակից իմ ձեռքերն այրվածք են ստացել, ընկերոջս երկու ոտքերն արդեն այրվածքների արդյունքում անդամահատել են, խաղալիքներս ու հագուստս այրվել են և այլն: Փոխարենը գաս միասին այրվենք, գոնե միասին լացենք, ասում ես՝ գնանք ջուր բերենք հանգցնենք հրդեհը: Ամոթ է: Ամոթ:
Արձագանք՝ եղբա՜յր, սիրելի՜ս, ես էլ եմ այրվում, մեր ցավն ընդհանուր է՝ քեզնից շուտ եմ սկսել այրվել, բայց նահատակ դառնալը, լաց ու կոծ դնելը լուծում չի: Քեզ հլը թափ տուր, տես տան հրդեհը՝ շարժվի տեղիցդ, գնանք ջուր բերենք փորձենք հանգցնել: Եթե անգամ պարզվի, որ գետն իրոք ցամաքել է, նույն արդյունքը չի՞ լինելու՝ տունն այրվելու է, մենք էլ մեջը:
Բայց գոնե փորձենք փրկել մեր տունը, փորձենք փրկել ու փրկվել: Չի՞ ստացվի, էլի հետ արի ու դույլը ձեռքդ սպասի 2026 թ. հրշեջ մեքենային՝ կրկին փորձի հրշեջ մեքենայից ջուր փախցնել: Էդ ընթացքում էլ, հարց չկա՝ միասին այրվենք ու սպասենք: Այրվենք ու սպասենք: Այրվենք ու մի պահի էլ արդեն ժամանակ չունենանք սպասելու:
Խորիմաստ լռություն…
Գուցե կա մի բան, որ մենք չգիտենք: Տեսածն անտրամաբանական է»:
—00—ՄԱ