Ալիևը լավ է հասկացել՝ քանի դեռ բոլոր խաղացողները հակված են սիրաշահել իրեն, ինքը որևէ բան չունի տալու
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Աբու-Դաբիի երեկվա հանդիպումը՝ ի հեճուկս իշխանական սպասումների, մեղմ ասած՝ հաջողված չի եղել։ Անգամ փաշինյանական քարոզչական դաշտն է լռում՝ միգուցե մտածելով, որ այդքան էլ խելամիտ չէ ակտիվորեն տարածել կեղծ ակնկալիքներ այդ հանդիպումից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը.
«Իմ տպավորությամբ՝ Փաշինյանը հույս ուներ, որ ադրբեջանական կողմի պահանջների բավարարման ուղղությամբ արված իր բազմաթիվ ջանքերը կգնահատվեն, որ Էրդողանը բարեխոսել է, որ ամերիկյան կողմը որոշակի ճնշում է գործադրել, որ Ալիևը կգա ոչ թե նոր պահանջներով, այլ ձեռք բերածը ամրագրելու միտումով։ Բայց դա տեղի չի ունեցել, որովհետև ոչ ոք չի կարողանում հասկանալ ու ընկալել Ալիևի անսպառ քաղաքական ախորժակը։ Իսկ Ալիևը հստակ գիտի, թե ինչ է ուզում, դրա համար էլ դիմադրում է տարբեր միջազգային ճնշումներին, չէ՞ որ ժամանակին նրան հաջողվել է անգամ Կազանից փախնել ու չգնալ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, հիմա սա ի՞նչ էր, որ չդիմադրեր, ավելին՝ դեռ մի բան էլ նոր պահանջներ չներկայացներ։
Ալիևը շատ լավ է հասկացել, որ քանի դեռ իր դեմ որևէ հստակ գործիքակազմ չի կիրառվել, ավելին՝ բոլոր խաղացողներն ուղղակի հակված են սիրաշահել իրեն, ուրեմն խաղաքարտերն իր ձեռքում են, ինքը որևէ բան չունի դիմացը տալու։ Խաղը կարող է շարունակել։
Տարբեր դերակատարներից ոչ մեկ չի ուզում հասկանալ, թե որքան կարևոր է Ալիևի վարչակազմի համար թշնամու կերպարի պահպանումը, նա դրանից հրաժարվել չի կարող, անգամ՝ 2020-ից հետո ավելի ակտիվորեն է քարոզում դա։ Այդ ֆոնին չկա որևէ իրական հաշտեցում ժողովուրդների միջև, հաշտության մասին խոսացողները ձերբակալվում են Ադրբեջանում։ Կա մի թղթի կտոր ստանալու ցանկություն, որն առնվազն այս փուլում չի բավարարվում, ինձ համար հասկանալի պատճառներով․․․
Ես նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի հետ հանդիպմանը ասել եմ, որ իմ կարծիքով՝ պարտված ղեկավարը չի կարող բանակցել, դա չի կարող ի շահ Հայաստանի լինել՝ շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Ես դա չեմ ասել, որ իրեն խոցեմ, ես դա ասելով ինձ լավ չեմ զգացել, ես ուղղակի ասել եմ մտացածս, որովհետև ինձ պետք է Հայաստանը ամբողջական և իրապես ինքնիշխան, ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, պետք է, որ հայկական պետության շահը ներկայացված լինի բանակցություններում, ես չեմ ուզում իմ պետության ներկայացուցիչները հետ գան Ալիևի ցանկությունների թարմացված ցուցակով ու դա շրջեն իմ պետության դեմ։ Ես շատ երջանիկ կլինեի սխալվել, ես շատ կուզեի տեսնել, որ պարտված ղեկավարը կարող է ի շահ Հայաստանի բանակցել, բայց ցավոք, իրողությունը բոլորովին այլ է․․․
Մինչդեռ Ալիևն այնքան խոցելի կետեր ունի, այնքան աշխատելու տեղ կա այդ առումով, այնքան բաց թողնված հնարավորություններ կան և անգամ այս բարդ իրավիճակում մենք դեռ ունենք հնարավորություններ իրադրությունը փոխելու՝ ի շահ ՀՀ-ին։ Դրա համար պետք է խելք, կամք, համառություն ու անհոգնել աշխատանք»,-գրել է ադրբեջանագետը։
—00—ՄԱ