Նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի կողքին, ենթարկվում է հետապնդման․ Տեր Փառեն

10/07/2025 12:16 Քաղաքական

Նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում։ Այս մասին հայտարարել է Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը։

«Քրիստոնեական Եկեղեցու համար հալածանքը` իր բոլոր դրսևորումներով երբեք խորթ չի եղել։ Քրիստոնեության ողջ պատմության ընթացքի և որևէ դարաշրջան չի շրջանցել հալածանքը` սկսած Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի օրերից մինչև այսօր։ Ասել է թե` չարը երբեք հանգիստ չի նստում և երբեք էլ իր ձեռագիրը չի փոխում։ Ի դեպ հալածանքների են ենթարկվել Աստծուն հավատարիմներն ու քաջերը` թե՛ հոգևորական, թե՛ աշխարհիկ։

Խոսենք օրինակներով։

Ի՞նչ էր անում Հովհաննես Մկրտիչը. Քարոզում էր Աստծո Արքայությունը, կոչ էր անում ապաշխարության և հանդիմանում էր մեղավորներին։ Ի՞նչ կատարվեց նրա հետ. բանտարկվեց և գլխատվեց (Մատթ.14։1-12)։

Ստեփաննոս Նախավկան քարկոծվելով նահատակվեց` մեղադրվելով Աստծո և Մովսեսի դեմ հայհոյական խոսքեր ասելու մեջ (Գործք.6։11)։

Սուրբ Գևորգը աննահանջ քրիստոնյա էր։ Երբ նրան հարցնում են, թե. «Ի՞նչ է քո անունը, և կամ ո՞վ ես դու, որ այսքան հանդգնություն ունես», սուրբը պատասխանում է. «Նախ և առաջ իմ անունը քրիստոնյա է, բայց մարդկանցից կոչվում եմ Գեորգիոս»։ Այս դեպքից հետո սուրբը ևս ընդունում է նահատակության պսակը։

Ի՞նչ էին արել Հռիփսիմյանց կույսերը։

Պարզապես Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից խուսափելով` եկել էին Հայաստան (Քանի որ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով Հայաստանը քրիստոնեության լույսն էր հագել) ապաստան գտնելու։ Վախճանը` նահատակություն։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ենթարկվեց տարատեսակ չարչարանքների և 13 տարիներ տառապեց Խոր Վիրապում քանի որ հրաժարվել էր Անահիտ չաստվածուհու կուռքին զոհ մատուցել և քանի որ Տրդատ արքան անձնական վերաբերմունք ուներ նրա նկառմամբ։

Ի՞ նչ էր արել Սուրբ Վահան Գողթնցին (8-րդ դ.)։ 15 տարի Արաբական Խալիֆայությունում գերությունից հետո Սբ. Հովհան Օձնեցու շնորհիվ վերադարձել էր իր հայրենիք և ուզում էր քրիստոնեությունն ազատորեն ապրել։ Հետևանքը` նահատակություն։

Ի՞նչ էին արել Գր. Զոհրապը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը… Պարզապես հայ էին և քրիստոնյա։

Իսկ 1938թ.-ին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը Վեհարանում խեղդամահ արվեց, որովհետև անձնդիր Հայրապետ էր և սիրում էր իր Եկեղեցին և հայրենիքը։

Այսօր որևէ բան, ցավոք, չի փոխվել։ Նա, ով համարձակորեն ճշմարտությունն է բարձրաձայնում, բարկանում է անօրենությունների պատճառով, ցավում է սիրտը իր Եկեղեցու համար, նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում։ Չարը պարզունակ է և համառ։ Սակայն ընկրկել պետք չէ, քանզի Քրիստոս ասում է. «…ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորություն» (Ղուկ.22։53)։ Իսկ Պողոս առաքյալն ասում է. «Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ» (Եփես.6։12)։

Եվ չպետք է մոռանալ Տերտուղիանոսի խոսքը. «Մարտիրոսաց արյունը եկեղեցու սերմն է»:

Սուրբ Հարությունը հաղթում է մահվանը»,- նշել է Տեր Փառենը։

–00—ՅՄ