ԵՄ-ի մինչև 2034 թվականի բյուջեի նախագծում ներառել են 100 միլիարդ եվրո Կիևի համար

09/07/2025 13:42 Միջազգային

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ԵՄ-ի 2028-2034 թվականների  հաջորդ յոթնամյա բյուջեի նախագծում ներառել է 100 միլիարդ եվրոյի առանձին հոդված՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ Ուկրաինայի օգնության  համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը, որը վկայակոչելով իր աղբյուրներին։

Գործակալությունը պնդում է, որ Եվրահանձնաժողովն այդ հիմնադրամի ստեղծումը հիմնավորում է «Ուկրաինային կայուն ֆինանսական օգնություն ցուցաբերելու» անհրաժեշտությամբ։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններից ի վեր Եվրոպական միության և դրա անդամ երկրների կողմից Կիևին տրամադրված ընդհանուր ֆինանսական, տնտեսական և ռազմական օգնությունը կազմել է 160 միլիարդ եվրո, սակայն այդ ամբողջ գումարը չի հատկացվել համակարգված, այլ բազմաթիվ առանձին ​​ծրագրերի, վարկային գծերի, ազգային և եվրոպական փոխառությունների տեսքով։

Այժմ Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային օգնությունը դարձնել միության բյուջեի կառուցվածքային հոդված, այսինքն՝ Եվրամիության հաջորդ բյուջետային ցիկլի ծախսերի պարտադիր մաս։ ԵՄ-ում բյուջետային պլանավորումն իրականացվում է յոթնամյա ժամանակահատվածներով։

Միության երկրները միաձայն ընդունում են ԵՄ-ի, այսպես կոչված, հեռանկարային յոթնամյա բյուջե, որի շրջանակներում հետագայում հաստատվում են ԵՄ տարեկան բյուջեները: 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը Եվրահանձնաժողովը մտադիր է ներկայացնել հաջորդ շաբաթ:

Այդ պլանի շուրջ Եվրահանձնաժողովի և ԵՄ երկրների միջև բանակցությունները կարող են շարունակվել մինչև 2027 թվականի վերջը և պետք է ավարտվեն փոխզիջմամբ:

—00—ՄԱ