Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ «Mercedes»-ում․ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Երեկ՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Միշա Հակոբյանը և Ջանիկ Գևորգյանը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու նախ մարել են մեքենայի սրահում առաջացած կրակը, որը ըստ նախնական տեղեկությունների առաջացել է գազի արտահոսքի հետևանքով, այնուհետև փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել են հերթապահություն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի հետ հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։
—00—ՄԱ