Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. ձերբակալվել է 2 տղամարդ ու մի կին

09/07/2025 10:39 Ներքին կյանք

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ:

Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին:
40-ամյա տղամարդու վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին:

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրանման հետքերով կաթուցիչ, նաև` ծալովի դանակ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դատարանի որոշմամբ 40-ամյա տղամարդու տունը խուզարկվեց։

Հայտնաբերվեցին տարատեսակ թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով զանգվածներ, մասնավորապես՝ 3 կիլոգրամ 742 գրամ ափիոն, 1 կիլոգրամ 850 գրամ մարիխուանա, 596 գրամ մեթամֆետամին, 256 գրամ հաշիշ ու մեթադոնի 10 հաբ, նաև`գնդացրի երկու փամփուշտ:
Միայն այս բացահայտմամբ շրջանառությունից դուրս է բերվել շուկայական արժեքով շուրջ 216 միլիոն դրամի թմրամիջոց։

Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

—00—ՄԱ