Գազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով հուլիսի 8-ի լուսաբացից ի վեր զոհվել է 35 պաղեստինցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
12 զոհ և ավելի քան 50 վիրավոր է գրանցվել իսրայելական անօդաչու սարքերի կողմից Խան Յունիս քաղաքի տեղահանվածների վրանների թիրախավորման հետևանքով։
Իսրայելի բանակի ռադիոն տեղեկացրել է, որ բանակը վերջին շրջանում նկատել է ՀԱՄԱՍ շարժման անդամների ակտիվություն՝ շեշտելով, որ Գազայի հատվածում ինքնաշեն պայթուցիկ սարքերի սպառնալիքն ամենամեծ վտանգն է ներկայացնում իսրայելական ուժերի համար։Բանակը նաև հաստատել է, որ Գազայի հատվածի Բեյթ Հանուն քաղաքում ՀԱՄԱՍ-ի կողմից հեռակառավարման մեխանիզմով գործի դրված ականների պայթյուններից զոհվել է 5 և վիրավորվել 14 իսրայելցի զինվոր։
Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների թիվը հուլիսի սկզբին հասել է 10800-ի:Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում 252 պետական դպրոց լուրջ վնաս է կրել․ դրանցից 118-ն ամբողջությամբ ավերվել են։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57523-ի, իսկ վիրավորներինը՝ 136617-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
—00—ՄԱ