Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան

08/07/2025 12:31 Ներքին կյանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրել է.

«2004 թվականի մայիսի 30-ի «Նյու Յորք Թայմս»-ում տպագրվեց մի հոդված, որն ուներ հետևյալ վերնագիրը՝ «Զանգվածային ոչնչացմա՞ն զենքեր, թե՞ զանգվածային շեղման զենքեր»: Հոդվածը վերաբերում էր Իրաքի ներխուժմանը։ Այժմ մենք բոլորս գիտենք, որ Իրաքի կողմից զանգվածային ոչնչացման զենքի տիրապետման մասին լուրը կեղծիք էր:

Սակայն այդ սուտն ու կեղծիքը հզոր ուժ ունեցան պատերազմ սանձազերծելու՝ շնորհիվ լրատվամիջոցների կողմից դրանց տրամադրված (ապա)տեղեկատվության տարածման: Իրականում, կեղծիքի հաջողությունը կախված է դրա հասարակական ընդունումից։ Ահա թե ինչու քաղաքական գործիչը պետք է վերահսկի մեդիան։ Քաղաքական հարթության վրա կեղծիքը ներկայանում է որպես իշխանության արտասովոր գործիք, որպես զենք։

Այս առումով ճշմարտության նենգափոխման բազմաթիվ նուրբ ձևեր կան՝ ճշմարտության քողարկում, իրադարձությունների իմաստի աղավաղում, ճշմարտության անվան տակ կեղծ փաստերի ներկայացում։ Սա այն է, ինչ հիմա անում է Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը՝ իր լեզվաշարժության բազմաթիվ դրսևորումներով՝ հասարակության մեջ տեռորի մթնոլորտ ստեղծելով, որը հղի է աղետալի հետևանքներով»։

–00—ՅՄ