ԵԽ պատգամավորն աջակցություն է հայտնում Հայաստանի ջանքերին խաղաղության հասնելու ուղղությամբ

08/07/2025 10:11 Քաղաքական

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ջանքերին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ՝ ակնկալելով նույնական մոտեցում նաև Բաքվի կողմից։

ԵԽ պատգամավորն այս մասին նշել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագրի տեքստի դրույթների վերջնականացման վերաբերյալ կողմերի արած հայտարարությունների և այդ համաձայնագրի՝  հնարավորինս շուտ ստորագրման անհրաժեշտության մասին։

Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորը կարևոր հանգրվան է համարել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնագրի վերջնականացումը։

«Ես վճռականորեն աջակցում եմ Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության օգտին ձեռնարկվող շարունակական ջանքերին։ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնագիրը շատ կարևոր հանգրվան է։ Ես ակնկալում եմ Բաքվի կողմից հստակ հանձնառություն՝ գործընթացն ավարտին հասցնելու և համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,-շեշտել է Նատալի Լուազոն։