ՔՊ-ում չեն ցանկացել «կողմ» քվեարկել դատախազի միջնորդությանը Արծվիկ Մինասյանի վերաբերյալ. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ թեժ է անցել ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության փակ նիստը:
Մենք տեղեկացանք, որ երբ ՔՊ-ականները դռնփակ ձեւաչափով քննարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկության հարցը, ՔՊ-ական պատգամավորները միակարծիք չեն եղել:
Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորներից շատերը դեմ են եղել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի վերաբերյալ դատախազի միջնորդությանը կողմ քվեարկելու հարցին: Իշխանական պատգամավորների մեծ մասը պնդել է, որ Սեյրան Օհանյանին կարող են զրկել անձեռնմխելիությունից, բայց Արծվիկ Մինասյանի դեպքում դա անարդար կլինի, քանի որ, ամեն դեպքում, դատախազի փաստարկները հիմնավոր չեն եղել:
Սակայն ՔՊ-ականների՝ միջնորդությանն առարկող կողմը մեծամասնություն չի կազմել, ու ի վերջո հայտարարվել է, որ կքվեարկեն այնպես, ինչպես, որոշվել է ի սկզբանե: Ասել է թե՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը պետք է քվեարկի Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ին համահունչ` առանց սեփական կարծիքի դրսեւորման:
Արդյունքում, չնայած նրան, որ շատերը դեմ են եղել Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ստիպված են եղել կողմ քվեարկել:
Հիշեցնենք, որ երեկ 59 կողմ, դեմ 0 հարաբերակցությամբ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից, ու նրանց նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնություն սկսեց ՀՀ գլխավոր դատախազը»։
–00—ՍՊ